http://www.facebook.com/zaraasaturyan
 
Picture
Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հարակից շենքերից մեկի տանիքում` իրականացվում է ապօրինի շինություն: Այսպիսի գործողությունները, անշուշտ, կրկին անգամ վկայում են համատարած անօրինության, զոռբայության և ազգային արժեքների նկատմամբ, մեղմ ասած, թքած ունենալու քաղաքականության մասին: Մենք խոսում ենք գիտության ֆինանսավորման ավելացման, գիտնականներին ավելի շատ և արժանի ուշադրություն հատկացնելու մասին, բայց ամեն ինչ անում ենք այդ նույն գիտնականին ստորացնելու և աշխատանքները խոչընդոտելու հարցում: 
Խնդրում ենք` բոլորիդ տարածել այս հաղորդագրությունը և օգնել մեզ` ազգային լաբորատորիայի տարածքում, այս ապօրինի գործողությունները կանխելու հարցում:

 
Հետաքրքիր է, երբ կինն է լինում անբարոյական, անպայման, քարկոծում են, ոչնչացնում են հոգեպես, բայց երբ տղամարդն է լինում անբարոյական, նույնիսկ ողջունվում է, ու կապ չունի, որ այդ տղամարդը միգուցե իր վարքագծով ոչ միայն ապականում է իր սերունդների հոգեբանությունը, այլև ոչնչացնում է մատաղ սերնդի առողջ դատողությունը: Իսկ մեր հասարակությունը շարունակում է էդպիսի ստահակների սիրել, հարգել, լսել էդպիսիների <<հեղինակավոր>> կարծիքը ու, երբեմն էլ` գլխին դրած ման տալ: 
 
Երբ նվաճեցինք մեր դարավոր պատմության մեջ քիչ, թե շատ բաղձալի, երանելի ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ` պարզ դարձավ, որ այն չգիտենք էլ` ինչ է իրականում:

Հազարամյակների ընթացքում մեզ տիրել ու նվաճել են տարբեր ազգեր, հետևաբար սերունդների արյան մեջ էլ ներարկվել է, որ քեզ պիտի իշխեն, տնօրինեն ու, անշուշտ, թելադրեն իրենց կամքն ու ցանկությունները: Այդ իսկ պատճառով 20-րդ դարասկզբին շատ կարճ ժամանակով մեզ բաժին հասած ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ասվածը, չգոյատևեց մեր երկրում` հենց այդ նույն ժառանգության <<շնորհիվ>>: Մենք այս անգամ դարձանք մեր շատ սիրելի, պաշտելի <<եղբայր>> ռուսի գաղութը: Գաղութ էինք, գաղութ էլ մնացինք: Ինչևէ......
70 տարի ապրեցինք նրանց հովանու տակ, մեկը կպնդի, որ դրանք Հայաստան աշխարհի լավագույն տարիներն էին /չնայած Ստալինյան ռեպրեսիանները, կամ դոգմատիկ ապրելակերպը ինչպե~ս կարելի է համարել լավագույն տարիներ/, մյուսն էլ` որ դա Հայաստանի և Հայ Ժողովրդի հոգևոր բնաջնջումն էր /այսինքն թուրքը ոչնչացրեց ֆիզիկապես, Սովետ ասվածը` բարոյապես/, սակայն 20-րդ դարավերջին մեզ կրկին հնարավորություն ընձեռվեց վերջապես հասկանալու` ինչ է այդ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ և ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ: 
Ինչպես բոլոր հասարակություններում է լինում, մեր հասարակությունում էլ, իհարկե, կային որոշ /պայմանական անվանենք անհատ, քանի որ հետո կհասկանաք, որ նրանց` անհատ կամ մարդ` այսինքն ՀՈՄՈՍԱՊԻԵՆՍ լինելու փաստը, խիստ կասկածի տակ է դրվում/ անհատներ, ովքեր որոշեցին օգտվել ստեղծված հրաշալի առիթից ու սկսեն գռփել, արդեն իսկ, հետսովետական Հայաստանը ու իր ժողովրդին: Մինչ մեր տղերքը Շուշի ու Լաչին էին գրավում, սրանք` ստեղ Հայաստանն էին վաճառում: Հզոր տնտեսությունը քայքայելով, լույսն ու ջուրը <<հարևան>> պետություններին վաճառելով, մարդկանց անտուն, անլույս, անհույս թողնելով, ապագա սերունդներին կույր ու հիվանդ ու անպտուղ դարձնելով` լուծեցին իրենց կացության հարցն ու շարունակեցին թուրքերի զազրելի ծրագրի` հայկական իրականացումը: Հայաստանը դարձավ ֆեոդալական երկիր, որը տնօրինում էին բացառապես բութ ու քաղաքականապես բացառիկ տգետ <<անհատներ>>: Ու հանկարծ մեկը չփորձի ասել ու ելույթ ունենալ, թե էդ տգետների շնորհիվ է, որ անկախ Հայաստան ունենք ու ազատ Արցախ: Դա իրենց շնորհիվ չէր, էդ մեր տղերքի արյան ու պատվի շնորհիվ էր: Ինչևէ, էդ տգետներից ոմնանց մենք հետո ժամանակավորապես փոխարինեցինք ուրիշներով, բայց մի բան հաստատ լավ էր, որ դրանց դեմքը մի քանի տարի պատիվ ունեցանք չտեսնելու: Եկան լուսավոր ժամանակներ /բառիս միայն բուն իմաստով, Էլեկտրաէներգիայի իմաստով/, չէ, բան չունեմ ասելու, Հայաստանը քիչ թե շատ զարթնեց, սկսեց ուժ հավաքել ու մի քիչ քաղաքակրթվել, բայց այս անգամ էլ վրա հասավ մի ուրիշ պատիժ` բացեիբաց ռուսի վիլաեթ, ընդ որում, զզվելի վիլաեթ դառնալը: Ինչ թելադրեց ու թելադրում է ռուսը, այն էլ գլուխներս կախ անում ենք: Այ էս է անկախությունը, սիրելինե'րս, բայց մենակ հո սրանով չվերջացավ էս ամեն ինչը:
Աշխարհում գոյություն ունի մի ծրագիր` ըստ որի հեռուստատեսությունն ու մամուլը դառնում է զենք հասրակություններին դեգրադացնելու ու զոմիբի դարձնելու համար: Դրեք ամբողջ օրը սերիալ, երգ-պար, ուրախություն, ֆուտբոլ ու բասկետբոլ, գրեք ու խոսեք միայն Բրիթնի ու Կիմ Քարդաշյանների նողկալի կյանքի` նույնքան նողկալի հորինված պատմություններ ու ՎԵՐՋ` հասարակությունը կդառնա բոնջարաբոստանային կուլտուրա, ու ինչ տաս, այն էլ կուտի:
Էդպես սկսեցին մտածել, նաև, մեր հարգարժան <<դիմությունն>> ու <<ընդիմությունը>>, դե, սրանք ճիշտն ասած, համարյա նույն բանն են, բայց ավելի քաղաքականապես գրագետ երևալու համար` էդպիսի քաղաքական տարանջատումներ անենք: Սրանք մի օր նստեցին ու որոշեցին շատ, անսահման ԼԻԲԵՐԱԼ ընտրություններ անցկացնել /չնայած դրանց մեջ կան էնպիսի մարդիկ, որ սկի հայերեն ազատ բառը չգիտեն ինչ է նշանակում, ուր մնաց Լիբերալը հասկանան, այն էլ IV դասարանի կրթությամբ մեկը/ և այդ իսկ պատճառով` հին գռփողներից պայմանական, ձևի համար ընդիմություն ձևավորեցին, որ աշխարհին ցույց տան, թե մենք էլ ենք էդ խաղերից խաղում, հո մենակ դուք չեք: Արդյունքում` հարթակին կանգնեցին, նույն, վերևում արդեն նշված պայմանական <<անհատիկները>>: Դրանց ճառերը, սրանց զանգ կախելը: Մարդիկ խոսում էին տնտեսության բարելավումից, ազատությունից, ճոռոմ-ճոռոմ խոստումներից. գիտեք որն է զարմանալի ու ցավալի` ժողովուրդը նորից սկսեց էդ մկների ժողովին հավատալ: Ավելին, հասարակության գերակշռող մասը բաժանվել է երկու մասի` առանց հասկանալու, որ, երբ սրանք ճառ են ասում, նրանք էդ պահին զնագն են կախում: Մոռացել եք, ինչ էր մի քանի տարի առաջ, ավելի ճիշտ 1998-ից առաջ, մոռացել եք, որ մոմի լույսի տակ եք մեծացրել ձեր սերունդներին, շատերդ հիմա բաղձում է թոռ կամ երեխա ունենալու մասին, առանց մտածելու, որ դրանք էին, էդ քաղաքական <<էլիտան>> զրկեց ձեզ էդ բերկրանքից ու պարգևեց միայն բաղձալու փշրանքներ: Չեք հասկանում, որ սրանք մենակ խաղեր են, ու վտանգավոր խաղեր, ինչպես կարելի է դրանց ու դրանց շատերի նմաներին լսել ու անգամ կոկորդ կրծել էս չստացված պատգամավորիկների ու էդ աթոռին ձգտող շատ մարդուկների համար: Ինչպես կարելի է ձայն վաճառել սրանց ու բոլորին. ուզում եք ավելի խորը իջնենք: ՀԵՐԻՔ ՉԵՂԱՎ?? Էսպես մինչև ուր? Անհապաղ ուշքի գալու ժամանակն է. անկախությանը պետք է արժանանալ, բայց այսպիսի քաղաքականությամբ ու քաղաքական գործիչներով, էսպիսի վաշխառուական ու վիլաեթական կարգավիճակով, հասարակության էսպիսի դեգրադացված լինելով, ցավալի է, բայց ոչ լիբեր ընտրություններ կունենանք, ոչ էլ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆՆ եք արժանի:

 
Երբ 19-րդ դարի վերջին, Լումիեր եղբայրները առաջին անգամ ցուցադրեցին մարդկության պատմության մեջ առաջին ֆիլմը /ցուցադրությունը տեղի ունեցավ Salon Indien du Grand Cafe'-ում, Փարիզում/, հասարակությունը ոչ միայն վախեցավ էկրանում երևացող գնացքից, այլև սկսեց քննադատել ու փնովել այդ նորարարությունը: Շատերը մտածում էին, որ կինոն կսպանի թատրոնը, գրականությունը, և որ այն ստեղծվել է` կործանելու մարդկությանը: Դե, մարդիկ միշտ էլ վախեցել ու վախենում են նորություններից, հայտանգործություններից: Բայց, արի ու տես, որ կինոն դարձավ ոչ թե մարդկության չարիքը, այլ հակառակը` կինոն ի զորու եղավ մտնել մարդու հոգու խորքը, փոխել նրան, փոխել հասարակությունը: Կինոն դարձավ մեծ զենք հասարակությունների համար: Այն կրթեց ու դաստիարակեց սերունդներ, հեղափոխեց ու ստիպեց երազել, երազել այլ աշխարհների մասին, տեսնել պատմությունը, բացահայտել Չարլիի նման մեծերին, ապրել ու ապրել գեղեցիկ /խոսքս, իհարկե, կինոյի մասին է, այլ ոչ թե տեսախցիկի վրա գրանցված ապուշությունների, որոնց, երբեմն, կինո են ասում/:
Եվ մարդը սիրեց կինոն, գնահատեց նրա ուժը ու ստեղծեց մի ահռելի ինդուստրիա, և այդ ինդուստրիայի կենտրոնը դարձավ Հոլիվուդը: 1920-ականներից սկսած` Հոլիվուդը սկսեց մարդկանց ճաշակ թելադրել ֆիլմերի տեսքով: Շատերը բողոքում էին ու են, որ ամերիկյան կինոինդուստրիան սպանում է մարդուն բարոյապես, որ շատ ֆիլմեր, ուղղակի, ուղեղների լվացում է և, որ Հոլիվուդը ծնեց անբարոյականության մի մեծ դարաշրջան: Ինչև.... Ինչ էլ ասեն մարդիկ, բայց մի բան ակնհայտ է` ամերիկյան կինոինդուստրիան առաջինն էր, որ ստեղծեց առաջին կինոմրցնակը` անվանելով այն Օսկար /չնայած մրցանակաբաշխության ճիշտ անվանումն է Ամերիկյան կինոակադեմիայի ամենամյա մրցանակ/: Առաջին մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ 1929 թվականի Մայիսի 19-ին Հոլիվուդի Ռուզվելթ հյուրանոցում: Այդ օրվանից սկսած` Օսկարը դարձավ լավագույնի չափանիշ: Օսկարը հիմք դրեց մնացած կինո և երաժշտական մրցանակաբաշխություններին: 2002 թվականից այն սկսեց անցկացվել Կոդակ թատրոնում: 
  Օսկարին սկսեցի հետևել գիտակցական կյանքիցս սկսած: Ես էլ, ինչպես բոլոր, համարյա բոլոր, աղջիկները, երազել եմ դառնալ դերասանուհի, խաղալ ֆիլմերում ու ստանալ իմ հասանելիք օսկարը: Սակայն, ինչպես բոլոր լավ երազանքները, այս երազանքս էլ ընդհատվեց 15 տարեկանում, երբ հասկացա, ավելի ճիշտ հասկացրեցին, որ դերասանուհու երազելի կարիերան այնքան էլ երազելի չէ ընտանիքիս համար: Ինչև, ես դարձա թարգմանչուհի, բայց չդադարեցի դիտել ու հիանալ օսկարով: Համաձայնեք, որ ամերիկացիները գիտեն շոու անելու ձևը, գիտեն մարդկանց 5 ժամ հեռուստացույցի մոտ պահելու ու չձանձրացնելու կախարդանքը: Նրանք գիտեն` ինչ է շքեղությունը և դրա ճիշտ օգտագործումը: Սակայն տարեց տարի այն սկսեց նմանվել ու, երբեմն էլ այնքան կանխատեսելի դարձավ, որ շատ դեպքերում չէիր ուզում, նույնիսկ, դիտել: Ու այդպես էլ կլիներ այս տարի, եթե չլիներ "Արտիստը" ֆիլմը: Այն մեզ տարավ ետ` դեպի նույն 20-ական թվականների Հոլիվուդը: Այս ֆիլմը ու դրա ստեղծողները մրցում էին կինոաշխարհի կենդանի լեգենդների հետ` Մարտին Սկորսեզե, Սթիվեն Սփիլբերգ և այլն: Եվ օսկարը գնահատեց ֆրանսիական կինոյի ուժն ու իր երախտագիտությունն հայտնեց Ֆրանսիային "Արտիստը" ֆիլմին`շնորհելով 5 ոսկե արձանիկ /լավագույն ֆիլմ, լավագույն դերասան, լավագույն ռեժիսոր, լավագույն զգեստի ձևավորում/: Ամերիկյան կինոինդուստրիայում ծնվեց նոր աստղ, սեքս սիմվոլ Ժան Դյուժարդին անվամբ: Համաձայնեք, որ հոգնել եք, արդեն, ստանդարտացված Բրեդ Փիթերից, Բրանջելինաներից, Քլունիներից և մնացածներից /չեմ նշում իսկական, լավ դերասաններին/: Իհարկե, ազնիվ չէր լինի, եթե չասենք, որ այսպիսի ելքը կանխատեսելի էր, բայց գիգանտների հետ մրցել ու դեռ <<հանդգնել>> արժանանալ մրցանակի, այ դա իսկական հրաշք էր: Բոլորը գիտեն, որ օսկարը շատ ավելի քաղաքականցված է, քան թվում է, բայց ընդունեք, որ երբեմն մրցանակակիր դառնում է իսկապես լավ ֆիլմը կամ ռեժիսորը կամ դերասանը: Ինչպե~ս կարելի է մրցանակ չշնորհել Մերիել Սթրիփի նման հրաշալի դերասանուհուն:
Այս տարի մրցում էին իսկապես լավ ֆիլմեր, որոնցից էին Հուգոն /Ժամանակի պահապանը/, Կենաց ծառը, Ժառանգները, Աղախինը (այս ֆիլմերը անձամբ տեսել եմ, այդ իսկ պատճառով միայն սրանց մասին կարող եմ կարծիք հայտնել):   
Օսկարին իր յուրօրինակ փայլ տվեց հաղորդավարը` հրաշալի կոմիկ դերասան Բիլլի Քրիստալը: Դժվար է պատկերացնել օսկարը առանց այս հրաշալի դերասանի մասնակցությամբ: Ինչքան էլ հիմար լինեն ամերիկյան կատակները, բայց այս մարդու տաղանդի ու լավ սարկազմի շնորհիվ, երբեմն, դրանք իսկապես ծիծաղելի են դառնում:
Ինչ էլ որ մտածենք կինոաշխարհի ու կինոմրցանակների մասին, միևնույն է Օսկարը միշտ էլ իր հետ կբերի ուրախություն, խանդավառություն, նորից ցույց կտա շքեղության ու որակի իր ընդգծված չափանիշները, նորից իրեն կենթարկեցնի մեր ու կթելադրի իր ճաշակը, նորից կստիպի շատերին երազել ու բաղձել այդ բաղձալի ոսկե արձանիկի մասին, նորից կկոտրի շատերին ու նորից կվառի նոր ծնվող աստղերի:
Ներկայացնում եմ այս տարվա օսկար ստացողների ցուցակը, բացի "Արտիստը" ֆիլմի ստացած մրցանակներից: Ցուցակի տրամադրման համար հատուկ շնորհակալությունս եմ հայտնում իմ լավ բարեկամ` Գրիշա Հակոբյանին:

Լավագույն դերասանուհի-Մերիել Սթրիփ
Լավագույն երկրորդ պլանի դերասան-Քրիսթոֆեր Փլամեր
Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի-Օկտավիա Սպենսեր
Լավագույն բնագիր սցենար-Կեսգիշերը Փարիզում /Վուդի Ալլեն/
Լավագույն ադապտացված սցենար-Ժառանգները /Ալեքսանդր Փեյն, Նեթ Ֆեկսոն, Ջիմ Ռաշ/
Լավագույն անիմացիոն ֆիլմ-Ռենգո
Լավագույն օտարալեզու ֆիլմ-Նադեր և Սիմին. Բաժանում /Իրան/
Լավագույն երգ-Մապեթները
Լավագույն բեմադրիչի աշխատանք-Հուգո /Ժամանակի պահապանը/
Լավագուն օպերատրական աշխատանք-Հուգո /Ժամանակի պահապանը/ Ռոբերտ Ռիչարդսոն
Լավագույն վավերագրական ֆիլմ-Անպարտելին
Լավագույն մոնտաժ-Հուգո /Ժամանակի պահապանը/
Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ-Ափը
Լավագույն ձայն-Հուգո /Ժամանակի պահապանը/
Լավագույն վիզուալ էֆֆեկտներ-Հուգո /Ժամանակի պահապանը/

Հ. Գ. Ժամանակի սղության պատճառով, օսկարին նվիրված նյութս գրեցի այսքան ուշ: Սակայն չեմ կարծում, որ դա կազդի Ձեր` այն քննարկելու ակտիվության վրա :) :
 
Չապլինի նամակն իր դստերը` Ջերալդինային

Դստրիկս…

Հիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդն արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին` մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը:

Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը , թեկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս առաջից: Նա այնտեղ է` իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ: Այդտեղ` հեքիաթային Փարզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա, Ելիսեյան դաշտերում: Ես դա լավ գիտեմ, և ինձ թվում է, գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը, տեսնում եմ քո աչքերը, որ փայլում են ինչպես աստղերը ձմեռային գիշերում: Ես լսել եմ, որ դու այդ տոնական ու շողշողուն ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու, որը գերված է թաթարական խանից:Գեղեցկուհի եղի'ր և պարի'ր, աստղ եղի'ր և փայլի'ր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվի'ր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղի'ր հորդ ձայնին.

Ես քո հայրն եմ, Ջերալդինա:

Ես`Չարլին, Չարլի Չապլինը:

Գիտե՞ս, թե քանի գիշերներ եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ դու փոքր էիր. քեզ հեքիաթներ էի պատմում և՛ քնած գեղեցկուհու, և՛ մշտարթուն վիշապի մասին… Իսկ երբ քունը իջնում էր իմ ծերացող աչքերին, ես ծիծաղում էի նրա վրա ու ասում. << Հեռացի՛ր, իմ քունը իմ աղջկա երազանքներն են>>:   Ես տեսնում էի քո այդ երազանքները, Ջերալդինա, տեսնում էի քո ապագան, քո այսօրը. Ես տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու: Լսում էի, ինչպես մարդիկ ասում են.<< Տեսնու՞մ եք այս օրիորդին: Սա այն ծեր ծաղրածուի աղջիկն է: Հիշու՞մ եք ինչ էր նրա անունը` Չարլի>>:

Այսօր հերթը քոնն է: Պարի՛ր: Ես պարում էի լայն պատառոտված անդրավարտիքով, իսկ դու պարում ես արքայադստեր մետաքսյա հագուստով: Այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն: Բարձրացի՛ր: Բարձրացիր այնտեղ, աղջի՛կս, բայց և վերադարձիր երկիր, դու պետք է տեսնես, ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում այն ծայրամասերի փողոցի պարուհիները. Նրանք պարում են ցրտից և սովից դողալով: Ես այնպիսին եմ եղել, ինչպիսին նրանք են, Ջերալդինա՛: Այն գիշերները, այն կախարդական գիշերները, երբ դու քնում էիր` օրորվելով իմ հեքիաթներից, ես չէի քնում. Ես նայում էի քո դեմքին, լսում էի քո սրտի զարկերը և ինձ հարց էի տալիս.<< Չարլի, միթե՞ այս փիսիկը կճանաչի քեզ երբևէ>>: Դու ինձ չես ճանաչում Ջերալդինա… ես շատ հեքիաթներ եմ պատմել քեզ այն երկար գիշերներին, բայց իմը, իմ հեքիաթը` չեմ պատմել: Իսկ դա նույնպես հետաքրքիր է: Հեքիաթ` քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում էր Լոնդոնի աղքատ թաղամասերում, իսկ, ապա… ողորմածություն հայցում…

Ահա նա` իմ հեքիաթը: Ես գիտեմ` ինչ բան է սովը, ինչ է անօթևան լինելը: Դեռ ավելին` ես ճաշակել եմ ստորացնող մորմոքը այն թափառական ծաղրածուի, որի կրծքի տակ փոթորկվում է հպարտության մի ամբողջ օվկիանոս, և այդ հպարտությունը մեռցնում էին նետած դրամները… և չնայած այդ ամենին ես ապրում եմ, իսկ ապրողների մասին սովորաբար քիչ է խոսվում:

Ավելի լավ է խոսենք քո մասին:

Քո անվանը` Ջերալդինա, հետևում է իմը` Չապլին: Այդ անունով ես ավելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց: Բայց ես ավելի լաց եմ եղել, քան նրանք ծիծաղել են: Ջերալդինա, այն աշխարհում, որտեղ ապրում ես դու, միայն պարերն ու երաժշտությունը չէ,որ գոյություն ունեն…Կեսգիշերին, երբ դու դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հարուստ երկրպագուներին, բայց մի՛ մոռանա այն տաքսու վարորդին, որը քեզ տուն է տանում, հարցրու նրա կնոջ մասին… Եվ եթե նա հղի է, եթե նրանք փող չունեն երեխայի համար շապիկներ գնելու, փող դիր նրա ձեռքը: Ես կարգադրել եմ, որպեսզի բանկում վճարեն քո այդօրինակ ծախսերը: Իսկ ինչ մնում է մյուսներին, դու նրանց վճարիր ճիշտ հաշվով: Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից, կամ շրջիր ավտոբուսով և շատ ավելի հաճախ քայլիր ոտքով, դիտիր քաղաքը: Զննի՛ր մարդկանց, նայիր այրիներին և որբերին և գոնե օրը մեկ անգամ ասա ինքդ քեզ, <<Ես այնպիսին եմ, ինչպիսին նրանք են>>: Այո, դու հենց այդպիսին ես, ինչպիսին նրանք են, դստրիկս: Եվ նույնիսկ ավելի պակաս: Արվեստը, նախքան մարդուն թևեր տալը, որպեսի նա կարողանա ճախրել ամպերից վեր, սովորաբար կտրում է նրա ոտքերը: Եվ, եթե գա այն պահը, երբ դու քեզ վեր կզգաս հասարակությունից, անմիջապես թո՛ղ բեմը: Նստիր առաջին իսկ պատահած տաքսին և գնա Փարիզի արվարձանները:Դրանք ինձ շատ լավ ծանոթ են: Դու այնտեղ կտեսնես շատ պարուհիների, այնպիսիններին, ինչպիսին դու ես, նույնիսկ ավելի գեղեցիկները, ավելի նազելիները, ավելի հպարտները, քան դու ես: Քո թատրոնի լուսարձակների կուրացուցիչ լույսերը այնտեղ չկան: Նրանց լուսարձակը լուսինն է:

Նայի՛ր, ուշադիր նայի'ր: Չի՞ թվում քեզ արդյոք, որ նրանք քեզանից ավելի լավ են պարում: Խոստովանի՛ր, խոստովանի՛ր աղջիկս: Միշտ էլ կգտնվի մեկը,որ քեզանից լավ կպարի և քեզանից լավ կխաղա: Եվ հիշիր, Չարլիի ընտանիքում չի եղել այնքան անտաշ մեկը, որ հայհոյեր կառապանին կամ ծաղրեր Սենայի ափին նստած աղքատին:

Ես պիտի մեռնեմ, բայց դու պիտի ապրես… Ես ուզում եմ, որ դու երբեք չիմանայիր ինչ բան է աղքատությունը:

Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես: Բայց երբ ծախսես երկու ֆրանկ, մի՛ մոռացիր հիշեցնել քեզ, որ երրորդը քոնը չէ, նա պետք է պատկանի այն անծաոթին, որն ունի դրա կարիքը: Իսկ դու հեշտությամբ կգտնես այդպիսի մեկին: Ես քեզ հետ խոսում եմ փողի մասին, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը: Գիտես, ես շատ ժամանակ եմ անցկացրել կրկեսում և միշտ երկյուղ եմ զգացել լարախաղացների համար: Բայց պետք է քեզ` աղջիկս, ասեմ մի ճշմարտություն. Մարդիկ գետնի վրա ավելի’ անհաստատ են, քան լարախաղացները` երերուն լարի վրա: Գուցե կարող է պատահել այս երեկո քեզ կուրացնի մի թանկագին ադամանդի փայլը, հենց դա էլ կլինի քո անհուսալի պարանը, և քո անկումն անխուսափելի է: Կարող է պատահել մի գեղեցիկ օր գերվես ինչ-որ արքայազնի գեղեցկությամբ, այդ պահին դու կդառնաս մի անփորձ լարախաղաց, իսկ անփորձները միշտ ընկնում են: Մի վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքներով, գիտցիր, որ ամենամեծ ադամանդը` արևն է: Բարեբախտաբար նա լուսավորում է բոլորին: Եվ երբ, մի գեղեցիկ օր, սիրահարվես մեկն ու մեկին, ապա նվիրվիր նրան մինչև վերջ: Ես ասել եմ մորդ, որպեսզի նա այդ մասին գրի քեզ: Նա սերը ավելի լավ գիտի, քան ես. նրան ավելի վայել է խոսել այդ մասին…

Քո աշխատանքը շատ ծանր է, ես գիտեմ, քո մարմինը ծածկված է մի կտոր մետաքսով: Հանուն արվեստի կարելի է հայտնվել բեմի վրա նաև մերկ, բայց այնտեղից պետք է վեռադառնալ հագնված և մաքրված: Ոչինչ և ոչ ոք այս աշխարհում արժանի չէ այն բանին, որ տեսնի աղջկա նույնիսկ ոտքերի եղունգները: Մերկությունը մեր ժամանակի ախտն է: Ես ծեր եմ, և իմ խոսքերը, հնարավոր է, ծիծաղելի են հնչում: Բայց, իմ կարծիքով, քո մերկ մարմինը պետք է պատկանի նրան, ով կսիրի քո մերկ հոգին: Սարսափելի ոչինչ չկա, եթե քո համուզմունքները այս հարցում տասնյակ տարիների վաղեմություն ունենան, եթե այն պատկանի անցած ժամանակին: Մ՛ի վախեցիր, այդ տասնյակ տարիները չեն ծերացնի քեզ, բայց ինչ էլ ուզում է լինի, ես ցանկանում եմ , որ դու լինես վերջինը նրանցից, ովքեր կդառնան տկլորների կղզու հպատակը:

Ես գիտեմ, որ հայրերի և որդիների միջև գնում է հավերժական մենամարտ: Ինձ հետ, իմ մտքեր հետ կռվիր, աղջիկս: Ես չեմ սիրում հնազանդ երեխաներ, և քանի դեռ աչքերիցս արցունքներ չեն կաթել այս տողերի վրա, ուզում եմ հավատալ, ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է: Ես կցանկանայի, որպեսզի հրաշք կատարվեր, որ դու իսկապես հասկանայիր այն բոլորը, ինչ ցանկացա ասել քեզ:

Չարլին արդեն ծերացել է Ջերալդինա: Վաղ թե ուշ բեմական սպիտակ մետաքստի փոխարեն ստիպված պիտի լինես սև զգեստ հագնել, որպեսզի գաս իմ գերեզմանին: Այժմ ես չեմ ուզում վշտացնել քեզ: Միայն ժամանակ առ ժամանակ նայիր հայելուն, այնտեղ դու ինձ կտեսնես: Քո երակներով իմ արյունն է հոսում: Նույնիսկ այն ժամանակ, երբ արյունը կսառչի իմ երակներում,ես կուզենայի, որ դու չմոռանաս հորդ` Չարլիին:

Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ` ձգտել եմ լինել մարդ:

Փորձիր և դու:

Համբուրում եմ քեզ:

Չարլի:

 
Երբեք չեմ փայլել օտարամոլությամբ, ավելին, միշտ համարել եմ, որ օտարամոլությունը, այն ամենը, ինչ համարվում է ծայրահեղականություն` միայն չարիք է: Բայց... Բոլորովին վերջերս ինձ մի հարց տվեցին, թե ինչու ես ուզում լքել սեփական հայրենիքդ, ինչու ես ուզում տունդ օտար ափերում շինել և ինչու ես ուզում սիրել օտար ափերում: Մի ժամանակ առաջ մի քիչ կդժվարանայի պատասխանել կամ էլ, լավագույն դեպքում, կասեի, որովհետև այնտեղ ավելի մեծ հնարավորություն կա քեզ ՄԱՐԴ զգալու` իսկապես ՄԱՐԴ: 
Բայց հիմա, ես դրա հիմնավոր պատասխանը գիտեմ: Ես սիրում եմ իմ հայրենիքը` իսկապես սիրում եմ, բայց ինչ է հայրենիքը?: Հայրենիքը` հողը, ջուրը, սարերը /հայերի համար միայն Արարատը/, լեռները ու քարերը չեն: Հայրենիքը ոչ էլ կառավորությունն ու ընդիմությունն է /ինչպես ոմանք մտածում են/: Հայրենիքը` ժողովուրդն է, որ այստեղ ապրել ու ապրում է, շինում ու բարգավաճում է այս հողակտորը, որը կոչվում է Հայաստան /չնայած Արմենիա ավելի լավ է հնչում, քան Հայաստան/: Ու ես սիրում եմ այդ հայրենիքը: Բայց ինչպես ամեն բան այս մեծ աշխարհում, այնպես էլ Սիրելը` իր բոլոր դրսևորումներով, հանդիսանում է հեղհեղուկ երևույթ: Ու այդ հեղեղուկը պատել է և ինձ: 

Ամեն անգամ լսելով, որ հայ ժողովուրդը ամենահինն է, ամենայուրօրինակը, ամենաանբասիրն ու բարոյականը, որ ՀԱՅ ԿՆՈՋԸ այսինչն ու այնինչը չի սազում` ակամա ապուշ եմ կտրում ու էլի հիշում Սիրո` հեղհեղուկ լնելու մասին: Ախր ինչու, ինչու ենք մենք այսպես խոսում? Ինչու ենք գովում մեզ, մեզ գերադասում? Ամենհին ազգն եք, հըմմմ, կասկածելի է: Էդ դեպքում ինչ պիտի ասեն եգիպտացիները, չինացիները, հնդիկները, հույները ու պարսիկները: Նրանք ովքեր են? Նրանք ուր էին, երբ մենք աշխարհն էինք կերտում մեր` անճաշակ ձևով: Հիմա ձեզնից շատերը էսպես էլ կասեն: Իմիջայլոց` մեր շինարարական տաղանդի մասին: Երևի Աստված ճիշտ է արել, որ հայերին գեր տերության կարգավիճակ չի տվել, այլապես ամբողջ աշխարհը կթաղվեր անհասկանալի, աբսուրդի հասնող չափսերի, ճարտարապետության մեջ գոյություն չունեցող երկրաչափական մարմիների, անճաշակության /բոլոր ոլորտներում/ մեջ: Ու մենք դեռ մեզ համարում ենք գեր ազգ` հա գեր ազգ ենք, բան չունեմ ասելու, բայց մարմնի կառուցվածքով միայն: Ամենաբարոյականն ենք ու ամենանբասիրը: Ամենաբարոյականը` թույլ տվեք չհամաձայնել: Անբարոյականություն է, երբ ստում ես, խաբում, 'քցում', դավաճանում, քո եսը ամեն ինչից ու բոլորից գերադասում, սողում, սապոնվում ու առավոտից երեկո մտածում ես ում վատություն կամ չարություն անելն է` ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Դե, հիմա ինձ ասեք, որ մենք էսպիսինը չենք: Ես անհատական նկատի չունեմ, այլ ընդհանրական: Բախտս մի քիչ բերել է` ինձ շրջապատող ընկերներս, ծանոթներս, հարազատներս էսպիսին չեն, բայց, ցավոք, նրանք շատ քիչ մասն են կազմում:
Որոշ ժամանակ առաջ կհամաձայնեի, որ խելացի ազգ ենք, բայց...
Բայց մի պահ մտածում ես, եթե խելացի ազգ լինեինք, ամեն խաժամուժի ու խուժանի թույլ չէինք տա մտնել, ավիրել, բռնաբարել ու տիրանալ այս երկրին: Հպատանում ենք, որ Տիգրան ենք ունեցել, բայց մեր անգրագիտության, մեծամտության ու ՔՑԵԼՈՒ մեծ տաղանդի ''շնորհիվ" կորցրինք այն ամենն, ինչ էդ մարդը մեզ թողել էր: Սա է խելացիությունը?: Երբ երկիրդ վաճառում ես օտարին?: Երբ գիտնականին քշում ես երկրից?: Երբ 4-րդ դասարանի կրթություն ունեցողը գրավում է երկրի արդյունաբերությունը: ՎԱՅ եդ խելքին: Երբ, այսպես կոչված, հայկական մշակույթի ներակայացուցիչների 90%-ը բառիս բուն իմաստով անգրագետ է? Այն ազգն է խելացի, որ կարողանում է օգտագործել ուրիշի խելքը` հանուն իր բարօրության: Ի~նչ խելացի ազգի մասին է խոսքը: 
Հայ կնոջն այս ու այն չի սազում: Հարց` ինչու? Հայ կինը ինչով է տաբերվում` ասենք անգլուհուց, իսպանուհուց, հույնից, իտալուհուց ու, ընդհանրապես, մյուս ազգերից? Երկնային է? Այլ աշխարհներից է իջեցվել մեղքերով լի այս մեղսավոր աշխարհ? Ինչով է տարբերվում նա? Նրան չի կարելի բաց սիրել, արտահայտել իր զգացմունքները, կիրքը, պետք է լինի խոհանոցում, խելքի տոկոսայնությունը պետք լինի -0,000002%, բիզնեսից 100.000 կիլոմետր հեռու /ցանկացած բիզնեսով զբաղվող կին` մեր երկրում համավում է պոտենցիալ անբարոյական/, փեշը փակ, բերանը սկոտչով ամուր փակած, ծեծված ու այդ ծեծից ահավոր գոհ, հլու հնազանդ /Հայաստանում այն շփոթում են կենդանական աշխարհի կարկառուն ներկայացուցչի հետ, ում միսը մենք այդքա~ն սիրում ենք/, շահով ամուսնացող: Այս սա է իսկական ՀԱՅ ԿԻՆԸ բոլորիս համար: Իսկ մնացածը` հայ կին չեն, նրանք անբարոյականներ են: Ինչպես վերևում նշել էի, ծայրահեղականությունը չարիք է, ԻՍԿ ՄԵՆՔ ԱՆՍԱՀՄԱՆ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆ ԵՆՔ: Մենք կառուցում ենք անհամար հյուրանոցներ` անպայման սաունայով ու խոսում ենք մեր կանանաց կարելիների ու չի կարելիների մասին:
Էս համատարած քաոսում, էս համատարած անգրագիտության մեջ, էս համատարած անտեղյակության մեջ, էս համատարած լկտիության ու լպիրշության մեջ Շնչելը` համաձայնեք, անհնար է դառնում: Ժողովրդի մեջ, որ չգիտի ինչ է ուզում /մենակ հողակտոր, բայց ինչի համար, որ ինչ անենք, էս մի կտոր հողը չենք հարգում ու ապականում ենք ամեն ձև/, ում համար երգն-երաժշտությունը /հիմանականում, անճաշակ, թուրքական/ հա'մ գիտություն է, հա'մ արվեստ, հա'մ ապրելակերպ` դժվար է արարել ու ապրել:
Ու ամենասկզբում ինձ տրված հարցերի պատասախանը հիմա էսպես է հնչում` որ ապագա երեխաներս սա չտեսնեն ու չլսեն, որ հետո ինձ չմեղադրեն այստեղ մնալու ու լճանալու համար, ՈՐ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՐ ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ ՍՏԵՂԾԵՄ:

    ԼՍԵՔ ԱՅՍ ԵՐԳԸ: ՊԱՐՏԱԴԻՐ Է ԲՈԼՈՐԻՆ: 

    Author

    Write something about yourself. No need to be fancy, just an overview.

    Archives

    November 2013
    August 2012
    May 2012
    March 2012
    February 2012
    January 2012

    Categories

    All
    Հայտնի մարդկանց նամակները
    Անգրագիտություն