http://www.facebook.com/zaraasaturyan
 
Երբ 19-րդ դարի վերջին, Լումիեր եղբայրները առաջին անգամ ցուցադրեցին մարդկության պատմության մեջ առաջին ֆիլմը /ցուցադրությունը տեղի ունեցավ Salon Indien du Grand Cafe'-ում, Փարիզում/, հասարակությունը ոչ միայն վախեցավ էկրանում երևացող գնացքից, այլև սկսեց քննադատել ու փնովել այդ նորարարությունը: Շատերը մտածում էին, որ կինոն կսպանի թատրոնը, գրականությունը, և որ այն ստեղծվել է` կործանելու մարդկությանը: Դե, մարդիկ միշտ էլ վախեցել ու վախենում են նորություններից, հայտանգործություններից: Բայց, արի ու տես, որ կինոն դարձավ ոչ թե մարդկության չարիքը, այլ հակառակը` կինոն ի զորու եղավ մտնել մարդու հոգու խորքը, փոխել նրան, փոխել հասարակությունը: Կինոն դարձավ մեծ զենք հասարակությունների համար: Այն կրթեց ու դաստիարակեց սերունդներ, հեղափոխեց ու ստիպեց երազել, երազել այլ աշխարհների մասին, տեսնել պատմությունը, բացահայտել Չարլիի նման մեծերին, ապրել ու ապրել գեղեցիկ /խոսքս, իհարկե, կինոյի մասին է, այլ ոչ թե տեսախցիկի վրա գրանցված ապուշությունների, որոնց, երբեմն, կինո են ասում/:
Եվ մարդը սիրեց կինոն, գնահատեց նրա ուժը ու ստեղծեց մի ահռելի ինդուստրիա, և այդ ինդուստրիայի կենտրոնը դարձավ Հոլիվուդը: 1920-ականներից սկսած` Հոլիվուդը սկսեց մարդկանց ճաշակ թելադրել ֆիլմերի տեսքով: Շատերը բողոքում էին ու են, որ ամերիկյան կինոինդուստրիան սպանում է մարդուն բարոյապես, որ շատ ֆիլմեր, ուղղակի, ուղեղների լվացում է և, որ Հոլիվուդը ծնեց անբարոյականության մի մեծ դարաշրջան: Ինչև.... Ինչ էլ ասեն մարդիկ, բայց մի բան ակնհայտ է` ամերիկյան կինոինդուստրիան առաջինն էր, որ ստեղծեց առաջին կինոմրցնակը` անվանելով այն Օսկար /չնայած մրցանակաբաշխության ճիշտ անվանումն է Ամերիկյան կինոակադեմիայի ամենամյա մրցանակ/: Առաջին մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ 1929 թվականի Մայիսի 19-ին Հոլիվուդի Ռուզվելթ հյուրանոցում: Այդ օրվանից սկսած` Օսկարը դարձավ լավագույնի չափանիշ: Օսկարը հիմք դրեց մնացած կինո և երաժշտական մրցանակաբաշխություններին: 2002 թվականից այն սկսեց անցկացվել Կոդակ թատրոնում: 
  Օսկարին սկսեցի հետևել գիտակցական կյանքիցս սկսած: Ես էլ, ինչպես բոլոր, համարյա բոլոր, աղջիկները, երազել եմ դառնալ դերասանուհի, խաղալ ֆիլմերում ու ստանալ իմ հասանելիք օսկարը: Սակայն, ինչպես բոլոր լավ երազանքները, այս երազանքս էլ ընդհատվեց 15 տարեկանում, երբ հասկացա, ավելի ճիշտ հասկացրեցին, որ դերասանուհու երազելի կարիերան այնքան էլ երազելի չէ ընտանիքիս համար: Ինչև, ես դարձա թարգմանչուհի, բայց չդադարեցի դիտել ու հիանալ օսկարով: Համաձայնեք, որ ամերիկացիները գիտեն շոու անելու ձևը, գիտեն մարդկանց 5 ժամ հեռուստացույցի մոտ պահելու ու չձանձրացնելու կախարդանքը: Նրանք գիտեն` ինչ է շքեղությունը և դրա ճիշտ օգտագործումը: Սակայն տարեց տարի այն սկսեց նմանվել ու, երբեմն էլ այնքան կանխատեսելի դարձավ, որ շատ դեպքերում չէիր ուզում, նույնիսկ, դիտել: Ու այդպես էլ կլիներ այս տարի, եթե չլիներ "Արտիստը" ֆիլմը: Այն մեզ տարավ ետ` դեպի նույն 20-ական թվականների Հոլիվուդը: Այս ֆիլմը ու դրա ստեղծողները մրցում էին կինոաշխարհի կենդանի լեգենդների հետ` Մարտին Սկորսեզե, Սթիվեն Սփիլբերգ և այլն: Եվ օսկարը գնահատեց ֆրանսիական կինոյի ուժն ու իր երախտագիտությունն հայտնեց Ֆրանսիային "Արտիստը" ֆիլմին`շնորհելով 5 ոսկե արձանիկ /լավագույն ֆիլմ, լավագույն դերասան, լավագույն ռեժիսոր, լավագույն զգեստի ձևավորում/: Ամերիկյան կինոինդուստրիայում ծնվեց նոր աստղ, սեքս սիմվոլ Ժան Դյուժարդին անվամբ: Համաձայնեք, որ հոգնել եք, արդեն, ստանդարտացված Բրեդ Փիթերից, Բրանջելինաներից, Քլունիներից և մնացածներից /չեմ նշում իսկական, լավ դերասաններին/: Իհարկե, ազնիվ չէր լինի, եթե չասենք, որ այսպիսի ելքը կանխատեսելի էր, բայց գիգանտների հետ մրցել ու դեռ <<հանդգնել>> արժանանալ մրցանակի, այ դա իսկական հրաշք էր: Բոլորը գիտեն, որ օսկարը շատ ավելի քաղաքականցված է, քան թվում է, բայց ընդունեք, որ երբեմն մրցանակակիր դառնում է իսկապես լավ ֆիլմը կամ ռեժիսորը կամ դերասանը: Ինչպե~ս կարելի է մրցանակ չշնորհել Մերիել Սթրիփի նման հրաշալի դերասանուհուն:
Այս տարի մրցում էին իսկապես լավ ֆիլմեր, որոնցից էին Հուգոն /Ժամանակի պահապանը/, Կենաց ծառը, Ժառանգները, Աղախինը (այս ֆիլմերը անձամբ տեսել եմ, այդ իսկ պատճառով միայն սրանց մասին կարող եմ կարծիք հայտնել):   
Օսկարին իր յուրօրինակ փայլ տվեց հաղորդավարը` հրաշալի կոմիկ դերասան Բիլլի Քրիստալը: Դժվար է պատկերացնել օսկարը առանց այս հրաշալի դերասանի մասնակցությամբ: Ինչքան էլ հիմար լինեն ամերիկյան կատակները, բայց այս մարդու տաղանդի ու լավ սարկազմի շնորհիվ, երբեմն, դրանք իսկապես ծիծաղելի են դառնում:
Ինչ էլ որ մտածենք կինոաշխարհի ու կինոմրցանակների մասին, միևնույն է Օսկարը միշտ էլ իր հետ կբերի ուրախություն, խանդավառություն, նորից ցույց կտա շքեղության ու որակի իր ընդգծված չափանիշները, նորից իրեն կենթարկեցնի մեր ու կթելադրի իր ճաշակը, նորից կստիպի շատերին երազել ու բաղձել այդ բաղձալի ոսկե արձանիկի մասին, նորից կկոտրի շատերին ու նորից կվառի նոր ծնվող աստղերի:
Ներկայացնում եմ այս տարվա օսկար ստացողների ցուցակը, բացի "Արտիստը" ֆիլմի ստացած մրցանակներից: Ցուցակի տրամադրման համար հատուկ շնորհակալությունս եմ հայտնում իմ լավ բարեկամ` Գրիշա Հակոբյանին:

Լավագույն դերասանուհի-Մերիել Սթրիփ
Լավագույն երկրորդ պլանի դերասան-Քրիսթոֆեր Փլամեր
Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի-Օկտավիա Սպենսեր
Լավագույն բնագիր սցենար-Կեսգիշերը Փարիզում /Վուդի Ալլեն/
Լավագույն ադապտացված սցենար-Ժառանգները /Ալեքսանդր Փեյն, Նեթ Ֆեկսոն, Ջիմ Ռաշ/
Լավագույն անիմացիոն ֆիլմ-Ռենգո
Լավագույն օտարալեզու ֆիլմ-Նադեր և Սիմին. Բաժանում /Իրան/
Լավագույն երգ-Մապեթները
Լավագույն բեմադրիչի աշխատանք-Հուգո /Ժամանակի պահապանը/
Լավագուն օպերատրական աշխատանք-Հուգո /Ժամանակի պահապանը/ Ռոբերտ Ռիչարդսոն
Լավագույն վավերագրական ֆիլմ-Անպարտելին
Լավագույն մոնտաժ-Հուգո /Ժամանակի պահապանը/
Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ-Ափը
Լավագույն ձայն-Հուգո /Ժամանակի պահապանը/
Լավագույն վիզուալ էֆֆեկտներ-Հուգո /Ժամանակի պահապանը/

Հ. Գ. Ժամանակի սղության պատճառով, օսկարին նվիրված նյութս գրեցի այսքան ուշ: Սակայն չեմ կարծում, որ դա կազդի Ձեր` այն քննարկելու ակտիվության վրա :) :

    ԼՍԵՔ ԱՅՍ ԵՐԳԸ: ՊԱՐՏԱԴԻՐ Է ԲՈԼՈՐԻՆ: 

    Author

    Write something about yourself. No need to be fancy, just an overview.

    Archives

    November 2013
    August 2012
    May 2012
    March 2012
    February 2012
    January 2012

    Categories

    All
    Հայտնի մարդկանց նամակները
    Անգրագիտություն